ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
28 օգոստոսի 2025

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համագործակցությունը շարունակվում է․ 76 հարկային ծառայողներ ստացան ավարտական հավաստագրեր

 

2025 թվականի օգոստոսի 28-ին  Երևանում գտնվող Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնում (Русский дом в Армении) տեղի ունեցավ «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացի ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Արդեն երրորդ տարին անընդմեջ, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ իրականացնում է ռուսաց լեզվի դասընթացներ՝ ուղղված հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Այս անգամ դասընթացին մասնակցեցին և  հավաստագրեր  ստացան 76 հարկային ծառայողներ Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ ներառյալ Կապան, Գյումրի, Վանաձոր և այլ համայնքներ։

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը իր երախտագիտությունը հայտնեց բոլոր գործընկերներին և մասնակիցներին՝ դասընթացի արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար։ Նա ընդգծեց մասնագիտական շարունակական կրթության կարևորությունը՝ նշելով, որ այսպիսի նախաձեռնությունները նպաստում են հարկային և մաքսային ծառայողների լեզվական և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ ի նպաստ հանրային ծառայությունների որակի բարձրացման։ Տիկին Միրզախանյանը նշեց նաև,  որ առաջիկայում նախատեսվում է մեկնարկել նոր կրթական ծրագրեր։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի հետ արդյունքաստեղծ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախատեսվում է կնքել հուշագիր, որը նոր հեռանկարներ  կբացի ոչ միայն կրթական, այլև մշակութային ծրագրերի իրականացման համար։

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի Կրթական ծրագրերի մշակման և կառավարման բաժնի պետ Գոռ Վարդանյանը շնորհավորեց դասընթացի մասնակիցներին՝ հաջող ավարտի կապակցությամբ։ Նա իր խոսքում նշեց, որ լեզվական գիտելիքների զարգացումը կարևոր գործոն է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում ՝ նպաստելով նաև հարկ վճարողների հետ հաղորդակցության որակի բարձրացմանը։

Իսկ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում նմանօրինակ դասընթացներին մասնակցել է արդեն ավելի քան 400 ՊԵԿ աշխատակից, ինչը վկայում է ծրագրի պահանջվածության և գործնական կիրառելիության մասին։