Կեղծ ապրանքների հայտնաբերման գործնական փորձ
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը 2022 թվականից պարբերաբար կազմակերպում է հեռավար դասընթացներ «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն» թեմայով՝ ՀՀ ՊԵԿ համապատասխան գործառույթ իրականացնող մաքսային ծառայողների համար:
Փորձի փոխանակման, գիտելիքները պրակտիկ դաշտում կիրառելու և համապատասխան հմտություններ ձեռքբերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 20-ից-22-ը կազմակերպվեց Ղազախստանի Հանրապետության «S&O» մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործակալության տնօրեն Անգելինա Տարասովայի գործնական այցը Կենտրոն: Տեղի ունեցավ երեք դասընթաց «Կեղծ ապրանքների հայտնաբերման գործնական փորձ» թեմայով՝ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնյան առևտրի և օդային փոխադրումներ իրականացնող վարչության ուղևորային բաժանմունքի և փոստային փոխադրումներ իրականացնող բաժանմունքի ծառայողների, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, ՀՀ Պեկ հետբացթողումային հսկողության և մաքսային ստուգումների վարչության, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 1-7-րդ բաժինների, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բաժնի աշխատողների համար:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են 8-ից ավելի ապրանքանիշերի նմուշներ՝ առավելապես իրականացվել է պրակտիկ աշխատանք թե կեղծ նմուշի, թե իրական արտադրանքի ապրանքների առկայությամբ, շեշտադրվել են այն շեղումները, որոնք մտավոր սեփականության իրավունքի խախտողների ապրանքատեսակներին առանձնապես բնորոշ են: Փորձագետը ներկայացրել է վերոնշյալ երկրի մաքսային ծառայությունում ներկա ուրույն փորձը, կեղծ ապրանքների հայտնաբերման եղանակները, կիրառելի գործիքակազմը:
Ձեռքբերված հմտությունները գնահատելու նպատակով դասընթացավարը դասընթացի ավարտին անցկացրեց բանավոր հարցում թեստային տարբերակով՝ գերազանց գնահատելով մասնակիցների պատասխանները:
Մասնակիցները նույնպես բարձր գնահատեցին դասընթացի արդիականությունը՝ ամենօրյա պրակտիկայում իրավախախտումները բացահայտելու պատասխանատու և երկիրը կեղծ արտադրանքից պաշտպանելու չափազանց կարևոր գործընթացներում: