ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը սկսել են համագործակցություն
2023 թվականի փետրվարի 7-ին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ղեկավարները մասնակցեցին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացների մեկնարկին և պայմանավորվեցին ակտիվացնել և խորացնել համագործակցությունը՝ մաքսային ծառայողների հմտությունները և գիտելիքները բարելավելու նպատակով։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ղեկավար Արուսյակ Միրզախանյանն ընդգծեց ՀՀ ՊԵԿ աշխատակիցների շրջանում ռուսաց լեզվի իմացության բարձրացման հրատապ անհրաժեշտության մասին,-«Վերջերս մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են եկել Հայաստան։ Ռուսալեզու քաղաքացիների հետ շփումը պահանջում է հատուկ տերմինաբանության որոշակի իմացություն, հատկապես մաքսային և հարկային ծառայողների համար: Այդ պատճառով ես և «Ռուսական տուն»-ը կազմակերպեցինք այս դասընթացները։ Պետք է խոստովանեմ, որ Ներկայացուցչության արձագանքը շատ արագ էր, և միասին կարողացանք արագ կազմակերպել դասընթացները»։
Ողջույնի խոսքով վերապատրաստման ծրագրերի սկիզբը բացեց ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը՝ նշելով նման դասընթացների անցկացման կարևորության մասին: Պարոն Վարդանյանը ներկայացրեց վկայական ստանալու պայմանները, որոնք են բոլոր դասընթացներին մասնակցությունը և ավարտական քննությանը դրական արդյունք ապահովելը։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, նշեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն արդեն անցկացրել է ռուսաց լեզվի դասընթացներ Սյունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում՝ ոստիկանների համար։ «Ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք»,- նշեց նա և ներկայացրեց Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանին, ով լինելու է դասընթացների դասախոսներից մեկը։
Դասընթացները կտևեն 3 ամիս, որոնք վարելու են Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի անդամները։