Պետական եկամուտների կոմիտեի E-learning էլեկտրոնային ուսուցման հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառում
Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ կարևորելով Կոմիտեի աշխատակիցների համար հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը։
Այսօր տեղի ունեցավ ուսուցման հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառումը:
Էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունքում։
Միջոցառման խոսնակներն էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի մարքեթինգի մասնագետ Անի Ջաբաղյանը և «Բրեվիս» ընկերության հետ համագործակցող ծրագրավորող Նարեկ Նադարյանը։
Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակից կողմերին՝ ֆինանսավորման, կազմակերպման, խորհրդատվության և աջակցման համար։ Տիկին Միրզախանյանը նշեց, որ վերջին 2 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ոչ միայն ստեղծեց «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց» ձեռնարկը, այլ նաև «Բարեվարքության կանոններ» թեմայով առցանց դասընթացը և արդյունքում էլեկտրոնային ուսուցման հարթակը՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։ «Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց»-ի շրջանակներում հոկտեմբեր ամսվա վերջին շուրջ 415 մասնակից արդեն առցանց տարբերակով կմասնակցի համանուն դասընթացին։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշեց գործակալության ներդրումը և պատրաստակամությունը շարունակականորեն ապահովելու պետական ոլորտում իրականացվող բարեփոխման և արդիականացման ծրագրերի իրականացումը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը իր խոսքում կարևորեց այն փաստը, որ կատարված աշխատանքների շնորհիվ Կոմիտեի աշխատակիցները այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու դասընթացներին՝ առկա, հեռավար և առցանց եղանակով, մասնավորապես, սահմանային անցակետերում ծառայող աշխատակիցները կարող են սովորել անկախ գտնվելու վայրից և ժամանակից։
Հարթակը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ Գլխավոր, Մեր մասին, Գործընկերներ,Կապ մեզ հետ և Դասընթացներ։ Հարթակն ապահովում է ինտերակտիվություն՝ ներառելով տեսական մաս, տեսանյութեր և թեստեր։ Դասընթացներ բաժինը բաղկացած է կատեգորիաներից, որոնցում ներառվում են տարբեր թեմաներով դասընթացներ։ Այս պահին առկա է 2 կատեգորիա՝ «Հարկային ծառայություն» և «Մաքսային ծառայություն» անուններով, որոնցից յուրաքանչյուրում առկա է մեկական դասընթաց։ «Բարեվարքության կանոններ» թեմայով առցանց դասընթացը մշակել է «Բրեվիս» ընկերությունը, իսկ «Հարկային ծառայողի պատրաստում» թեմայով առցանց դասընթաց՝ Ուսումնական կենտրոնը։
Հարթակին մուտքի հասանելիություն տրվում է Ուսումնական կենտրոնի կողմից։ Գեներացված մուտքանունը և գաղտնաբառը ուղարկվում է տվյալ դասընթացի մասնակիցների էլեկտրոնային հասցեներին՝ հնարավորություն տալով փոխել գաղտնաբառը։
Ոսումնական կենտրոնը պատրաստել է նաև հարթակից օգտվելու Ուղեցույց։
Հարթակի բարելավման և նոր բովանդակությամբ ավելացման աշխատանքները շարունակական են։