ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
13 հուլիսի 2023

Ավարտվեց «Դասընթաց դասընթացավարների համար» ծրագիրը

Բանիմաց դասընթացավարների մեր հերթական խումբը ավարտեց «Դասընթաց դասընթացավարների համար» ծրագիրը:

Դասընթացի նպատակն էր զարգացնել դասընթացավարների կարողությունները, ծանոթացնել կրթական նոր գործիքների ու մեթոդների՝ առավելագույնի հասցնելու վերջիններիս կողմից գիտելիքների և հմտությունների փոխանցման մակարդակը իրենց դասընթացների մասնակիցներին:

Մասնակիցները ունեցան և՛ խմբային, և՛ անհատական  աշխատանքներ, մշակեցին իրենց դասընթացների թեմաներին  համահունչ գործիքներ:

Դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը ընդհանուր առմամբ ներառում էր հետևյալը՝

  • Ուսուցման հմտությունների բարելավում -   դասընթացավարների կարողությունների զարգացում՝  մեծահասակների ուսուցման սկզբունքների, ուսուցման տեխնիկայի և վերապատրաստման մեթոդոլոգիաների կիրառմամբ:
  • Առարկայական օրակարգի ձևավորում - ճշգրիտ և արդիական տեղեկատվության փոխանցում, օպտիմալ մեթոդների կիրառում՝ դերային խաղեր, իրավիճակային վերլուծություններ, լսարանի ներգրավածությունը բարձրացնող կամ հոգնածությունը մեղմացնող վարժություններ:
  • Հաղորդակցման հմտությունների զարգացում - դասընթացավար լինելու կարևոր կողմ է  արդյունավետ հաղորդակցումը և նյութի հեշտ մատուցումը՝ ներառյալ ակտիվ լսելը, հարցադրման տեխնիկան և կառուցողական արձագանք տալը, խմբի և դժվարին մասնակիցների կառավարումը, դրական և ներառական ուսումնական միջավայի ապահովումը:
  • Դասընթացի արդյունքների գնահատում - դասընթացավարները պետք է կարողանան գնահատել իրենց դասընթացների ազդեցությունն ու արդյունավետությունը:
  • Շարունակական  զարգացման խթանում - դասընթացավարների վերապատրաստման նպատակը ոչ միայն նախնական հմտություններ և գիտելիքներ տրամադրելն է, այլև շարունակական ուսուցման և զարգացման մտածելակերպի ձևավորումը:

Դասընթացը վարեցին Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը: Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել են կրթական ծրագրերով, դրանց որակի ապահովման, դասընթացավարների պատրաստման և վերապատրաստման ծրագրերով, մեթոդական ունակությունների զարգացման ծրագրերով՝ ուսուցիչների, ուսուցանողների, դասընթացավարների համար: Աշխատել են պետական, հասարակական և մասնավոր սեկտորիների կրթական ծրագրերում: Նրանք մեթոդական ձեռնարկների, ուսուցողական գործիքների, մեթոդների հեղինակներ են: Որպես մենթորներ և քոուչեր աշխատում են կրթական ոլորտի տարբեր դերակատարների հետ՝ օգնելով բարձրացնել կրթական ծրագրերի արդյունավետությունն ու որակը, հարստացնելով դրանք ժամանակակաից, ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդական լուծումներով: Արեգը և Զարուհին որպես փորձագետներ և խորհրդատուներ աշխատել և աշխատում են Հայաստանում և արտասահմանում, պետական և ոչ պետական կառույցների, մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ, որոնց թվում են Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կրթական ծրագրերը: