ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
29 մարտի 2023

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի «Առևտուր» և «Բանկային գործ» մասնագիտության ուսանողները շրջայցեր կատարեցին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոն

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական ​​քոլեջի «Առևտուր» և «Բանկային գործ» մասնագիտություններ ընտրած ուսանողները մարտի 17-ին և 22-ին շրջայցեր կատարեցին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոն՝ «Միջազգային առևտրային գործունեություն»  և «ՀՀ հարկային օրենսդրություն» մոդուլների շրջանակներում, Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Զառա Ասատրյանի ուղեկցությամբ։

Ուսանողներին ողջունեցին Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը:

Ուսումնական ծրագրերի համակարգող Աշխարուհի Քալանթարը երեխաներին ներկայացրեց տարբեր երկրների մաքսային մարմինների խորհրդանիշները, տեխնիկական որոշ սարքեր, որոնք կիրառում են մեր մաքսային ծառայողները աշխատանքային գործունեության ընթացքում:

«Մաքսային ընթացակարգերը ՀՀ-ում», «Հարկման հատուկ համակարգեր», «Եկամտահարկի և շահութահարկի համեմատական վերլուծություն» թեմաներով դասընթացների շրջանակներում դասընթացավարներ Արփի Ավետյանը, Կարեն Սարոյանը և Մարիամ Եսայանը ուսանողներին ծանոթացրեցին ՀՀ-ում գործող հարկման համակարգերին, մաքսային ընթացակարգերին, հարկային և մաքսային մարմինների փոխգործակցությանը, ինչպես նաև պատասխանեցին ուսանողների բազմաբովանդակ հարցերին։

Ուսանողների համար մասնագիտության ընտրության հետագիծը որոշելու և մասնագիտական ​​զարգացման հեռանկարները ուրվագծելու հարցերում կարևոր քայլ էր Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը ծանոթանալը: