ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
1 նոյեմբերի 2024

«Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ուսանողներին

 

  Նոյեմբերի 1-ին  ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի   ուսանողներին:

 Ուսանողները ոչ միայն շրջայց կատարեցին Կենտրոնում, այլև ունեցան դասընթացներ ու թեմատիկ քննարկումներ Մաքսային համակարգի աշխատակիցների հետ:

 Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության Ռիսկերի բացահայտման և մաքսային վարչարարության զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը ուսանողներին ծանոթացրեց մաքսային համակարգի  կառուցվածքին և գործառույթներին, մաքսային քաղաքականության իրականացման գործընթացներին, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության կազմակերպմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման հիմնական ուղղություններին՝ ըստ Մաքսային մարմնի ստորաբաժանումների: Ի հավելում վերնոշյալի, տիկին Ավետիսյանը հարց ու պատասխանի միջոցով ներկայացրեց առկա և իրականացվող  ծրագրերը: 

 Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության Մաքսային հսկողության տեխնիկական միջոցների  մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետներ Աղվան Այդինյանը և Մուշեղ Մանուկյանը  ներկայացրեցին համակարգում կիրառվող մաքսային հսկողության սարքավորումների որոշ տեսակներ և բացատրեցին վերջիններիս կարևորությունն ու նշանակությունը:

  Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության Մաքսային գործառնությունների սպասարկման թիվ 1 բաժնի պետ  Արամ Սայամյանը խոսեց մաքսային ձևակերպումների գործընթացների մասին ու բացատրեց,  թե ինչպես են քաղաքացիները հարաբերվում մաքսային ծառայողների հետ ներմուծման և արտահանման գործարքներ կատարելիս:

  Լսարանը հարցաշատ էր և լի մաքսային համակարգի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ:

 Նպատակային և բովանդակալից այցի և դասընթացների արդյունքում ուսանողները ոչ միայն լիարժեք պատկերացում ունեցան, այլև ցանկություն հայտնեցին հետագայում՝ ավելի խորությամբ, ծանոթանալու մաքսային համակարգի գործառույթներին: