ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
26 հունիսի 2023

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում

   Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համագործակցության արդյունքում Ուսումնական կենտրոնի աշխատակից Անի Ջաբաղյանը  հունիսի 14-17-ը մասնակցեց Պետերբուրգի միջազգային տնտեսական  ֆորումին:

    «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում»-ը տնտեսության նշանակալի և խոշոր իրադարձություններից մեկն է աշխարհում։

  Ավելի քան 50 երիտասարդ մասնագետներ 25 երկրներից «Նոր սերունդ» ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցան ծանոթանալ միջազգային նորարարական զարգացումներին, շփվել պետական և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ,  ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ, հաստատել համագործակցության հիմքեր:

  «Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը հնարավորությունների զամբյուղ է, որին պատիվ ունեցա ներկա գտնվել և ներկայացնել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը: Այս համաժողովը այն կարևոր հարթակներից մեկն է, որի միջոցով կարելի է տեսնել հնարավորություններ, ստեղծել գործընկերային կապեր, ինչպես նաև կիսվել քո ընկերության ձեռքբերումներով ու փորձով»:

  Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել տարբեր քննարկումների, այդ թվում Ռուսաստանի հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկայացմանը՝ Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության ղեկավար Դանիլ Եգորովի մասնակցությամբ, հանդիպումներ ունենալ տարբեր պետական գործիչների և բիզնես ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան, Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխտնօրեն Դմիտրի Պոլիկանովը, «Ռուսաստան- հնարավորությունների երկիր» նախագահական հարթակի ներկայացուցիչներ Ալեքսեյ Ագաֆոնովը, Օքսանա Աչկասովան, Դմիտրի Գուժելին և մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների ղեկավարներ:

  «Ընկերներ առաջնորդության համար» ծրագրի մասնակիցների եզրափակիչ միջոցառումը Եվգենի Պրիմակովի հետ հանդիպումն էր: Պատվիրակները Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի հետ կիսվել են տարբեր երկրներում ռուսական տների հետ փոխգործակցության իրենց փորձով և քննարկել արդիական հարցեր: Ուսումնական կենտրոնի ներկայացուցիչը նույնպես խոսել է Կենտրոնի և Ռոսսոտրուդնիչեստվայի միջև տարեսկզբին  մեկնարկած համագործակցության և արդյունքների մասին:

  Այս տարի համաժողովին մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահը, Ալժիրի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության նախագահը, ԱՄԷ նախագահը, Հարավային Օսիայի նախագահը, Կուբայի Հանրապետության վարչապետը, ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ։  Սանկտ Պետերբուրգ են ժամանել նաև դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարներ, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Հնդկաստանի, Մյանմայի, Ղազախստանի, Կուբայի և ԱՄՆ-ի պատվիրակություններ։