Հանդիպում Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատվիրակության հետ
Այսօր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռուսաց լեզվի ինստիտուտի (Российский университет дружбы народов(РУДН)) պատվիրակության հետ։
Պատվիրակության կազմում էին ինստիտուտի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Նատալյա Պոմորցևան, Ռուսաց լեզվի թիվ 5 ամբիոնի ղեկավար, մանկավարժական գիտությունների դոկտոր Վիկտորյա Կուրիլենկոն, Հայաստանում «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալության նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան և մասնագետ Սոնա Սարաջյանը:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, Կրթական ծրագրերի մշակման և կառավարման բաժնի պետ Գոռ Վարդանյանը և Հարկային ոլորտի ծրագրերի պատասխանատու Արուս Հակոբյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել և նախանշել ուղիներ ՊԵԿ աշխատակիցների համար ռուսաց լեզվի արդյունավետ, շարունակական և համակարգված դասընթացների կազմակերպման ուղղությամբ։ Հյուրերն առաջարկեցին ռուսաց լեզվի ուսուցման երկու ձևաչափ՝
- Առցանց դասընթացներ,
- Դասընթացներ ուսումնական հարթակների միջոցով։
«Ռոսսատրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Ուսումնական կենտրոնին տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվող մասնագիտական աշխատաժողովների, սեմինարների և կարճաժամկետ կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև աջակցել ՊԵԿ աշխատակիցների մասնակցությանը նմանատիպ միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում առաջարկվեց նաև քննարկել համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունները՝ ուղղված երկուստեք արդյունավետ փոխգործակցության ձևավորմանը և զարգացմանը։
Ռուսաց լեզվի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել Ուսումնական կենտրոնին՝ ռուսաց լեզվի քննությունների արդյունավետության բարձրացման նպատակով հարցաշարերի շտեմարանի ստեղծման գործում, որը կներառի ավելի քան 1000 հարց։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին հանդիպման համար՝ ընդգծելով փոխգործակցության կարևորությունն ու հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքները կարճ ժամանակում կլինեն տեսանելի ու շոշափելի։