ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
10 հոկտեմբերի 2023

Աշխատանքի տոնավաճառ Հայաստանում ֆրանսիական համալսարանում

  Հարկային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը մասնակցեց  Հայաստանում ֆրանսիական համալսարանում կազմակերպվող ամենամյա աշխատանքի տոնավաճառին:

     Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի կազմակերպություններ, մասնավորապես ՀՀ Արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդատվական, տեխնոլոգիական, արտադրական կազմակերպություններ և այլն: 

     Պետական եկամուտների կոմիտեի ծրագրերի նկատմամբ արդեն իսկ առկա հետաքրքրությունը ապահովեց արդյունավետ հաղորդակցումն ու ծրագրերի հասցեական իրազեկումը: Մասնակիցների հետաքրքրությունը մեծ էր հատկապես գալիք տարի հարկային համակարգում մեկնարկող բարեփոխումների նկատմամբ:

  Կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը, ուսումնական ծրագրերի համակարգողներ Արուս Հակոբյանը և Լիլիթ Պողոսյանը  ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացրեցին Կենտրոնի գործունեությանը, ներկայացրեցին աշխատանքային հեռանկարները և պրակտիկա անցնելու պայմանները Պետական եկամուտների կոմիտեում:

    Աշխատանքային տոնավաճառին մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով կարևորելով ուսանողների և պետական հատվածի համագործակցությունը՝ ընդգծեց շարունակականության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը: