Մաքսային Ծառայողի պատրաստման դասընթաց
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց (Կրտսեր, առաջատար, Գլխավոր 1-ին մակարդակ, Գլխավոր 2-րդ մակարդակ, բարձրագույն)։
Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ
Դասընթացի նպատակ
Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է նոր չափանիշներով մաքսային ծառայողի պաշտրաստան դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում:
Պարտադիր պայման
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ՝ Դիմումի Ձևաթերթիկ՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
- լուսանկար
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),
- արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
- բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին)։
- Տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ,
- Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2):
Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել word և pdf (ստորագրված) տարբերակները։ Ստորագրել լրացված տարբերակի կամ առաջին կամ վերջին էջը։
Հարկային և մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/206741/latest
Դասընթացի ընդունելության մանրամասներ
Ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝
- թեստավորում՝ համակարգչային գիտելիքների ստուգում և օտար լեզվի իմացության ստուգում
- հարցազրույց,
- դասընթաց,
- պաշտոնի նշանակման հարցազրույց։
1․Թեստավորում
1․1 օտար լեզվի գիտելիքների ստուգում,
Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:
1․2 համակարգչային գիտելիքների ստուգում,
Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:
Ուսումնական կենտրոնը թեստավորման օրվա, վայրի և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։
Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 8 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0, https://youtu.be/BUQNamoaums, https://youtu.be/lYkUowne2hQ, https://youtu.be/1I1rfrZrbbw, https://youtu.be/5oQM27zOtFw, https://youtu.be/uIJi_FgQ4Po, https://youtu.be/HBK-qKGsR38, https://youtu.be/YXsi9BLu8fo
Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար
Օտար լեզվի իմացության ստուգման հարցաշարի օրինակներ
2․ Հարցազրույց
Թեստավորումից հետո կազմակերպվում է հարցազրույցի փուլը։
Հարցազրույցի ընթացքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, մաքսային օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, մաքսային ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։
Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Ուսումնական կենտրոնը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
3․ Դասընթաց
Դասընթացի տևողությունը բոլոր պաշտոնների համար կազմում է՝
1․ Ոչ ղեկավար (կրտսեր, առաջատար, գլխավոր 2-րդ մակարդակ) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմաներ,
2․ Ղեկավար (բացառությամբ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմաներ և մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ,
3․ Ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համալրման համար մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ։
Մասնագիտական դասընթացի ավարտին իրականացվելու է թեստավորում։
Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ակադեմիական դասաժամ՝ զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
4․ Պաշտոնի նշանակման հարցազրույց
Պաշտոնի նշանակման հարցազրույցի նպատակն է բացահայտել մաքսային ծառայության տարբեր պաշտոններում արդյունավետ գործելու համար թեկնածուների ցուցակում ընդգրկված տվյալ պաշտոնի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները:
Պաշտոնի նշանակման հարցազրույցին հրավիրելու նպատակով Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը հրապարակում է հայտարարություն, որում ներառում է մաքսային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու հրավերը, այդ թվում՝ պաշտոնների ցանկը, հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնի անձնագիրը։
Պաշտոնի նշանակման հարցազրույցի անցկացման նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից ձևավորվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ:
Պաշտոնի նշանակման հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր մասնակցի գնահատումը իրականացնում է «դրական» կամ «բացասական» որոշում կայացնելու եղանակով: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է «դրական» որոշում կայացնել տվյալ պաշտոնին հավակնող բոլոր մասնակիցներից միայն մեկի համար։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
ԿԱՐԵՎՈՐ։ Հայտադիմում կարող եք ներկայացնել միայն մեկ պաշտոն համալրելու համար։
ԿԱՐԵՎՈՐ։ Ընթացիկ փուլերում դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ։