ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Արմեն Հարությունյան
Արմեն Հարությունյան Արարատբանկի տնօրենների խորհրդի անդամ, Neuxon ընկերության գործադիր տնօրեն Նախկինում զբաղեցրել է բարձր պաշտոններ ՄԱԿ-ի համակարգում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և ՀՀ կառավարության համակարգում։ Ունի միջազգային կրթություն։

Արմեն Հարությունյանն ունի մասնագիտական աշխատանքային փորձ հանրային և մասնավոր հատվածներում, ինչպես նաև միջազգային և միջպետական կազմակերպություններում։

Ներկայումս նա Արարատբանկի տնօրենների խորհրդի անդամն է և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում գործող Neuxon ընկերության գործադիր տնօրենը։ Neuxon-ը համագործակցում է Սինգապուրի և Չինաստանի առաջատար ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում։

Նախկինում աշխատել է Սինգապուրի Տեխնոլոգիաների, նորարարության և կայուն զարգացման գլոբալ կենտրոնում՝ որպես տնօրենի գլխավոր խորհրդական։ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողի գրասենյակում զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ պատասխանատու լինելով գործընկերությունների և միջազգային ֆինանսների ուղղությունների համար։

Եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն։ Հինգ տարի աշխատել է որպես Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար՝ համակարգելով միջազգային առևտրի, ինստիտուցիոնալ բարեփոխումների և միջազգային համագործակցության ոլորտները։ Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Պետական բժշկական համալսարանում։

Ավարտել է Բրիստոլի համալսարանը՝ ստանալով միջազգային զարգացման մագիստրոսի աստիճան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, ինչպես նաև մասնակցել է Հայաստանում Տեխասի A&M համալսարանի երկամյա հավաստագրված ծրագրին։

Շրջանավարտ է Հարվարդի համալսարանի, Սթենֆորդի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) և Լոնդոնի հանրային կառավարման դպրոցի ղեկավարների կրթական ծրագրերի։

Ներկայումս հետազոտական գործունեություն է իրականացնում Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանում՝ ֆինթեքի և բլոկչեյնի ուղղություններով։ Գլոբալ ֆինթեք ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ է։