ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
13 նոյեմբերի 2024

«Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկություններ» թեմայով դասընթաց «Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա» ՀԿ-ի ներքո գտնվող տուրիստական կազմակերպությունների տնօրենների համար

Զբոսաշրջությունը երկրի տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից է։ Զբոսաշրջության ոլորտի զարգացումը նպաստում է ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլ նաև խթանում է միջազգային ճանաչմանը և վարկանիշի բարձրացմանը։

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտն ունի  հարկային քաղաքականության իր առանձնահատկությունները, որոնք են՝

 1. Հարկերի ենթարկվող ծառայությունների և ապրանքների ճիշտ դասակարգում

Տուրիզմի ոլորտը հաճախ ներառում է բազմազան ծառայություններ՝ հյուրանոցներ, տրանսպորտ, էքսկուրսիաներ, տարբեր մշակութային օջախներ հանդիսացող այցելության տոմսեր և այլն։ Կան ծառայություններ, որոնք կարող են ենթարկվել տարբեր հարկման սկզբունքների՝ կախված նրանց բնույթից կամ շուկայի դիրքից։ Օրինակ՝ որոշ երկրներում հյուրանոցային ծառայությունների համար նախատեսված հարկը կարող է բարձր լինել, մինչդեռ զբոսաշրջային ուղեկցորդի ծառայությունները կամ տրանսպորտը կարող են հարկվել այլ դրույքաչափերով։ Առանց այս մանրամասներն իմանալու՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող կազմակերպությունները կարող են խախտել հարկային օրենսդրական կարգավորումները կամ նույնիսկ կորցնել արտոնություններից օգտվելու հնարավորությունները։

 2. Հարկային խախտումների և տուգանքների ռիսկի նվազեցում

 Հարկային կանոնների կիրառման անտեսումը կամ սխալ մեկնաբանությունը կարող է հանգեցնել զգալի հետևանքների, որոշ դեպքերում նույնիսկ քրեական պատասխանատվություն։ Տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպությունների տնօրենները պետք է տիրապետեն հարկերի հաշվարկման, վճարման ընթացակարգերին՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և չափանիշներին։ ՀՀ Օրենսգրքով նախատեսված հարկային հարաբերությունների, դրույքաչափերի, հարկի հաշվարկման, վճարման ճիշտ կիրառումը օգնում է կազմակերպությանը խուսափել անկանխատեսելի ֆինանսական կորուստներից։

 3. Հարկային ներգրավվածություն միջազգային տուրիզմում

 Հարկային դրույքաչափերը և կանոնները կարող են տարբեր լինել տարբեր երկրներում՝ հաշվի առնելով ծառայություն իրականացնող կազմակերպության գործունեության տեսակը և մակարդակը՝ միջազգային թե ազգային։ Օրինակ, եթե զբոսաշրջային կազմակերպությունը կազմակերպում է միջազգային այցելություններ, այն կարող է ենթարկվել տարբեր երկրների հարկային կարգավորումների և հարկային արտոնությունների։ Տեղեկատվություն ունենալու անհրաժեշտությունը դառնում է առավել կարևոր։

 4. Հարկերի թափանցիկություն և վստահություն

 Հարկային իրավունքների և պարտականությունների ճիշտ գիտակցումը և կիրառումը կարող է աջակցել ընկերության բարձր հեղինակությանը։ Եթե կազմակերպությունը հրապարակային կերպով հետևում է ճիշտ հարկային քաղաքականությանը, դա օգնում է բարելավել իր հարաբերությունները հաճախորդների, պետական մարմինների և միջազգային գործընկերների հետ։

       Կարևորելով օրենսդրական դաշտին համապատասխան գործունեության ծավալումը   ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկություններ» թեմայով դասընթաց «Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա» ՀԿ-ի ներքո գտնվող տուրիստական կազմակերպությունների տնօրենների համար, որը վարեց  Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը և Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Մկրտիչ Մկրտչյանը։

  Արդյունքում, այն ղեկավարներն, ովքեր լիարժեք տիրապետում են զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկություններին, կարող են ավելի արդյունավետ կերպով կառավարել իրենց կազմակերպությունը՝ խուսափելով հարկերի վճարման խնդիրներից, ավելացնելով եկամուտները, կիրառել հնարավոր արտոնություններն իրենց գործունեության մեջ՝ խթանելով տվյալ ոլորտում իրականացվող բիզնեսի կայունությանը։