Մեկնարկում են «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 14-ից մեկնարկում են «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողների համար:
Դասընթացի նպատակն է բարձրացնել ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության և ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ծառայողների՝ ընդհանուր և գործնական ռուսերենի տիրապետման և կիրառման մակարդակը՝ ապահովելով գործնական միջավայրում ռուսերեն լեզվով ազատ հաղորդակցվելու հնարավորությունները:
Դասընթացները տեղի կունենան մինչ դեկտեմբերի 11-ը:
Դասընթացները կվարեն Լիլիա Հարությունյանը և Լյուդմիլա Աղախանյանը, ովքեր արդեն իսկ արդյունավետորեն աշխատել են համակարգի այլ աշխատակիցներ հետ։
«Ռուսական տունն արդեն անցկացրել է ռուսաց լեզվի դասընթացներ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների, իսկ ավելի վաղ՝ Սյունիքի ու Շիրակի մարզերի և Երևան քաղաքի ոստիկանների համար։ Դասընթացները արդյունավետ են և դա փաստում են մասնակիցները՝ նշելով, որ շատ կարևոր և օգտակար են ամենօրյա աշխատանքի համար»,- նշեց Հայաստանում Ռուսաց տան ռուսաց լեզվով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։
Ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող Արուս Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության շարունակականության, արդյունավետության և հասցեականության ապահովման համար՝ կարևորելով գիտելիքի և փորձի տարածմանը նպաստող փոխշահավետ ծրագրերի իրականացումը։