ՀՀ տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները» թեմայով դասընթաց
2024 թվականի մարտի 26-ին ՀՀ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ կազմակերպեց «ՀՀ տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները» թեմայով դասընթացը՝ հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» № 1355-Ա հրամանը։
Դասընթացը վարեց ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Կադրերի պատրաստման և վերապատրաստման» ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Դավիթ Թադևոսյանը։ Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՊԵԿ Երևան քաղաքում տեղակայված ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Դասընթացի նպատակն էր նպաստել արտակարգ իրավիճակների վերաբերյալ մասնակիցների ընդհանուր գիտելիքների բարձրացմանը, որը ներառում էր մի շարք թեմաներ՝ քաղաքացիական պաշտպանության կարգավորումներով սահմանված հասկացություններ, տերմինների վերաբերյալ պարզաբանումներ, համապատասխան բացատրություններ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դասակարգում՝ ըստ դրանց առաջացման հիմքում ընկած երևույթների, տեսակների և վարման սկզբունքների։ Մասնավորապես առանձնացվեցին բնական բնույթի արտակարգ իրավիճակները և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները։ Ընթացքում ներկայացվեցին ՀՀ–ին սպառնացող հիմնական վտանգները և տեղի ունեցած երկրաշարժը, երկրաշարժի վնասների չափերը պայմանավորող գործոնները և բացասական հետևանքները։ Ներկայացվեց նաև ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի քարտեզը։